Քաղցկեղն իմ համայնքում՝ Քաղցկեղով երեխաների բուժումը Հայաստանում

May 13, 2021
Gevorg Tamamyan, MD, PhD, MSc

«Քաղցկեղն իմ համայնքում»-ը Cancer.Net Blog շարքից է, որը ցույց է տալիս աշխարհում քաղցկեղի ազդեցությունը և թե ինչպես են մարդիկ աշխատում իրենց տարածաշրջանում քաղցկեղով մարդկանց բուժելու համար: Բժիշկ Գևորգ Թամամյանը մանկական ուռուցքաբան և արյունաբան է Հայաստանի Երևան քաղաքից: Բժիշկ Թամամյանը Արյունաբանական կենտրոնի (պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ.) մաս հանդիսացող Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է: Նա նաև Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչն է և Հայաստանի բժիշկների միության նախկին նախագահը (2019):Բժիշկ Թամամյանն արժանացել է Զարգացման և կրթության միջազգային մրցանակի (International Development & Education Award, IDEA) 2013թ. և Երկարաժամկետ միջազգային կրթաթոշակի (Long-term International Fellowship, LIFe) 2014թ. ASCO Conquer Cancer հիմնադրամի  կողմից: Նա նաև ASCO IDEA աշխատանքային խմբի նորընտիր նախագահն է: Կարող եք հետևել նրան Facebook-ում:

Ինչու եմ ես բուժում քաղցկեղով մարդկանց

Երբ ինչ-որ մեկին ասում ես, որ մանկական ուռուցքաբան ես և բուժում ես քաղցկեղով երեխաների, առաջին բանը, որ մարդիկ հարցնում են, այն է, թե ինչպես ես կարողանում զբաղվել այդպիսի բարդ մասնագիտությամբ: Թեև մանկական ուռուցքաբանությունը բժշկության մեջ աներևակայելի առաջընթաց է գրանցել վերջին մի քանի տասնամյակներում և քաղցկեղով երեխաների զգալի մեծամասնությունը հիմա հնարավորություն ունի հաղթահարելու հիվանդությունը, շատ մարդիկ դրա մասին մտածում են որպես մահվան դատավճռի:

Բայց իրականությունն այլ է: Իրականությունն այն է, որ ներկայումս Հայաստանում քաղցկեղով ամեն 10 երեխայից՝ 7-ից 8-ը հաղթահարում են հիվանդությունը: Իհարկե, մենք պետք է շարունակենք շատ աշխատել՝ այդ թվերը մեծացնելու համար, որպեսզի ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից, սակայն հիմա մենք կարողանում ենք շատ կյանքեր փրկել և ուրախություն ու ծիծաղ բերել այդ ընտանիքներին: Ինչո՞ւ ես որոշեցի բուժել քաղցկեղով մարդկանց: Այն պատճառով, որ եթե ես կարող եմ գոնե 1 կյանք փրկել կամ գոնե 1 երեխայի ցավը վերացնել, դա իմաստ է հաղորդում իմ կատարած աշխատանքին:

Ինչպիսին է քաղցկեղը երեխաների մոտ Հայաստանում

Հայաստանում տարեկան մենք ունենում ենք քաղցկեղի մոտ 8500 նոր դեպք, որոնցից 80-100-ը երեխաներ են: Մինչև վերջերս մենք չենք ունեցել քաղցկեղի ազգային ռեգիստր, այդ պատճառով թվերը հիմնականում վերցվում էին քաղցկեղ բուժող հիվանդանոցներից:

Քաղցկեղով և արյան հիվանդություններով բոլոր երեխաները իրենց ախտորոշումը և քիմիաթերապևտիկ բուժումը ստանում են Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում (ՀՄՔԱՀԿ), որը հիմնադրվել է անցյալ տարի՝ գոյություն ունեցող բոլոր մանկական արյունաբանական և ուռուցքաբանական բաժանմունքների միավորման արդյունքում: Երեխաները ճառագայթային թերապիա ստանում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իսկ վիրահատական բուժումը հասանելի է մի քանի հիվանդանոցներում:

Բացի քիմիաթերապևտիկ բուժումից, մեր կենտրոնում մենք ունենք հոգեբաններից, ուսուցիչներից և սոցիալական աշխատողներից բաղկացած հատուկ հոգեսոցիալական թիմ, որի նպատակն է հեշտացնել պացիենտների և նրանց բուժողների գործը՝ և՛ բուժման ընթացքում, և՛ դրանից հետո:

Անցած մի քանի տարիների ընթացքում, ես կարծում եմ, որ քաղցկեղի խարանը շատ է փոխվել իմ երկրում: Քաղցկեղը վերապրածները սկսել են խոսել իրենց հիվանդության մասին և կիսվել իրենց հաջողության պատմություններով: Ավելի շատ մարդիկ են խոսում դրա մասին: Ես հիշում եմ, որ մի քանի տարի առաջ փետրվարի 4-ը և 15-ը օրացույցում ընդամենը սովորական օրեր էին: Բայց հիմա, շատ մարդիկ գիտեն Քաղցկեղի համաշխարհային օրվա և Մանկական քաղցկեղի համաշխարհային օրվա մասին: Մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ են անցկացվում այս օրերին Հայաստանում, ինչը նշանակում է, որ քաղցկեղի մասին իրազեկվածությունը զգալիորեն մեծացել է: 

Քաջ հայտնի է, որ քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժելու շանսը տարբեր երկրներում և տարածաշրջաններում տարբեր է և մեծապես կախված է նրանից, թե որտեղ է պացիենտը բուժում ստանում: Զարգացող աշխարհում մարդիկ դիմակայում են բազմաթիվ անհավասարությունների: Մեր պարտականությունն է անել առավելագույնը՝ վերացնելու համար այդ անջրպետը և ավելի շատ մարդկանց առողջացնելու հնարավորություն տալու համար:

Ինչպես է բարեգործությունն օգնում քաղցկեղի հետ կապված ծախսերին Հայաստանում

Մենք շարունակում ենք քաղցկեղի հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենալ Հայաստանում, բայց բարեգործների օգնությամբ հիմնականում կարողանում ենք համապատասխան բուժում տրամադրել երեխաներին:

Ներկայումս, Հայաստանում յուրաքանչյուր երեխա և մինչև 25 տարեկան երիտասարդ բարեգործական հիմնադրամների աջակցությամբ քաղցկեղի ախտորոշումը և բուժումը ստանում է անվճար: Ամենամեծ հիմնադրամն է Ժպիտների քաղաք հիմնադրամը, որը ղեկավարում է Հայաստանի Առաջին տիկինը: Հիմնադրամը նաև օգնում է մանկական ուռուցքաբանության և արյունաբանությանզարգացմանը մեր երկրում, աջակցում է գիտական հետազոտություններին և մասնագիտական ուսուցմանը:

Մյուս բարեգործական հիմնադրամները ևս հրաշալի աշխատանք են կատարում և օգնում են Հայաստանում քաղցկեղով մարդկանց՝ «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամ, «Ֆոնդ 100», ինչպես նաև «Մենք ենք» և «Օգնեմ» հիմնադրամները: Վերջերս քաղցկեղը վերապրած մարդու կողմից ղեկավարվող «Հենարան հիմնադրամ»-ը ստեղծել է պացիենտների շահերի պաշտպանության հարթակ, որն, իմ կարծիքով, կարող է դառնալ Հայաստանում քաղցկեղի բուժման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գերազանց միջոց և բերել դրական փոփոխությունների:

Որտեղ կարող են պացիենտները տեղական ռեսուրսներ և աջակցություն գտնել

Մի քանի տարի առաջ Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ նախաձեռնեց պացիենտների համար նախատեսված և ուռուցքաբանների կողմից մշակվող Cancer.am կայքի ստեղծումը, որը նման է Cancer.Net-ին: Այն քաղցկեղի տարբեր տեսակների, նրանց բուժման մեթոդների մասին է և քաղցկեղի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ է պարունակում: Այն նաև տեղեկություններ է ներառում մեր երկրում գոյություն ունեցող կլինիկաների և մասնագետների մասին: Կայքը հիվանդությունը հաղթահարելու պատմություններ ներառող հատուկ բաժին ունի, որը ներկայացնում է քաղցկեղը հաղթահարած պացիենտների իրական կյանքի պատմություններ:

Share your thoughts on this blog post on Cancer.Net's Facebook and Twitter.